Ինչու՞ Ձեր էջի լայքերի քանակն այնքան էլ կարևոր չէ կամ ինչպես է աշխատում ֆեյսբուքյան լրահոսի ալգորիթմը

Posted on 04:18 0 коммент.



Այս հոդվածում ցանկանում ենք անդրադարձ կատարել հայկական սոցիալական մեդիա շուկայում տարածված մոլորություններից թերևս ամենամեծին: 

Հաճախորդների հետ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկրորդ հաճախորդը ցանկանում է գովազդել իր էջը լայքեր հավաքելու նպատակով (և ոչ թե գովազդել կոնկրետ հրապարակումներ, ապրանքներ/ծառայություններ/բրենդեր): Շուկայում առկա են բազմաթիվ ընկերություններ, որոնք պատրաստ են բավարարել մեր ՞լայքամոլ՞ հասարակության պահանաջարկը և էջի համար բերել ինչ-որ կասկածելի լայքեր: 

Չտեղեկացված օգտատիրոջ մոտ այս դեպքում գործում է հետևյալ տրամաբանությունը. գովազդի միջոցով հավաքենք լայքեր էջի համար, էջը կունենա ենթադրենք 20 000 լայք, այնուհետև կհրապարակենք մեր ապրանքների/ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն և էջին լայք դրած մարդիկ կտեղեկանան մեր ապրանքի/ծառայության մասին և արդյունքում այլևս կրկնակի գովազդի համար գումար ծախսելու անհրաժեշտություն չի լինի: Ամեն-ինչ այս դեպքում հիասքանչ կլիներ, եթե չլիներ մի կարևոր բայց… Խոսքը վերաբերում է ֆեյսբուքի լրահոսի կառավարման ալգորիթմին: 
Ձեզանից յուրաքանչյուրը, եթե մի փոքր ուշադիր նայի իր ֆեյսբուքյան լրահոսը, կնկատի, որ որոշ էջերից, ընկերներից, բրենդերից և հայտնի մարդկանցից (աստղեր, քաղաքական և հանրային գործիչներ) տեղեկատվությունն իր նորությունների լրահոսում տեսնում է շատ ավելի հաճախ, քան մնացած էջերի, ընկերների և հայտնի մարդկանց դեպքում է: Կան ընկերներ և էջեր (որոնց Դուք լայք եք դրել), ում հրապարակումները Դուք ընդհանրապես չեք տեսնում: 

Հարց է ծագում՝ ինչու՞ է դա այդպես: 

Ֆեյսբուքյան ալգորիթմի առանձնահատկությունները

Ի սկզբանե, Ֆեյսբուքի լրահոսում նորությունները ներկայացվում էին ժամանակագրական հերթականությամբ (ամենասկզբում ներկայացվում էին ամենաթարմ նորությունները): Սակայն 2006թ-ից սկսած օգտատերերի և էջերի աճին զուգընթաց Ֆեյսբուքը հրաժարվեց լրահոսը նման կերպ դասավորելու մտքից: Այսօր յուրաքանչյուր միջին օգտատերն ունի 200-ից ավել ընկեր և հետևում է 200-ից ավել էջի կամ հանրաճանաչ մարդու: Միջին էջը և օգտատերը օրական հրապարակում են 10 նորություն: Հիմա եկեք ենթադրենք, որ Ֆեյսբուքը մեզ ցուցադրում է բոլոր օգտատերերի և էջերի ողջ տեղեկատվությունը: Օրական միջին օգտատերն արդյունքում կստանար 2000-ից ավել նորություն իր լրահոսում, որն ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ կարդալ: Արդյունքում օգտատերը կկորցներ իրեն հետաքրքրող նորություններին ծանոթանալու հնարավորությունը և կխճճվեր անկառավարելի լրահոսի մեջ: Ֆեյսբուքի ինժեներները հարցի լուծումը տեսնում են կառավարելի լրահոսի մեջ: 

Ինչպես է աշխատում Ֆեյսբուքի լրահոսի կառավարման ալգորիթմը

Հստակ տեղեկատվություն, թե ինչպես է աշխատում այս ալգորիթմը, առկա չէ: Սա կազմակերպության առևտրային գաղտնիքի մի մասն է կազմում և Ֆեյսբուքի ներկայացուցիչների պնդմամբ նույնիսկ իրենց աշխատակիցները հստակ պատկերացում չունեն ալգորիթմի աշխատանքի վերաբերյալ: Ալգորիթմը հիմնվում է հազարավոր ցուցանիշների վրա, որոնք թույլ են տալիս որոշել, թե ինչ պետք է Դուք տեսնեք Ձեր լրահոսում: Այդ ցուցանիշներից հիմնականներն են՝

- Որքան հաճախ եք Դուք արձագանքում ընկերոջ կամ էջի հրապարակումներին,

- Որքան հաճախ եք շփվում ընկերոջ հետ,

- Որքան հաճախ եք կիսվում ընկերոջ կամ էջի հրապարակումներով,

- Որքան հաճախ եք մեկնաբանում ըներոջ կամ էջի հրապարակումները և այլն: 

Եթե Դուք որոշակի ժամանակ որևէ կերպ չեք արձագանքում էջի կամ ընկերոջ հրապարակումներին, ապա վերջիններիս հրապարակումներն ուղղակի այլևս չեն երևում Ձեր լրահոսում: 

Ինչու՞ Ձեր բիզնես էջի լայքերի քանակն այնքան էլ էական չէ

Այժմ վերոգրյալի հիման վրա փորձենք բացատրել, թե ինչու իրականում Ձեր էջի լայքերի քանակությունն էական դեր չի խաղում սոցիալական մեդիա հարթակում Ձեր ապրանքի կամ ծառայության հաջող առաջմղման համար: 
Միջին վիճակագրական տվյալներով 2015թ-ին էջերին լայք դրած մարդկանց ընդամենը 7.5 տոկոսն է տեսնում էջի հրապարակումները: Ընդամենը 7.5 տոկոսը… Այսինքն 10 000 լայք ունեցող էջի դեպքում հրապարակումները միջին հաշվով տեսնում են 750 օգտատերեր: Համաձայնվեք, որ շատ փոքր թիվ է՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ բիզնես էջի համար դժվար է ամեն օր հրապարակել ակտուալ և հետաքրքիր տեղեկատվություն: Արդյունքում, լայքերի հավաքագրման վրա ծախսված գումարներն ուղղակի փոշիանում են: Լայքեր անհրաժեշտ են, օրինակ՝ լրատվական կայքերին կամ այն կայքերին, որոնք կարող են ամեն օր մատուցել հետաքրքիր և ակտուալ տեղեկատվություն մեծ քանակով: Բիզնես էջերի համար լայքերի հավաքագրումը, մեր խորին համոզմամբ, ժամանակի և ֆինանսական միջոցների անիմաստ վատնում է: 

Ամփոփելով ամբողջ վերոնշյալը՝ կարող ենք նշել, որ բիզնեսի համար ամենաճիշտ որոշումը կոնկրետ ապրանքների/ծառայությունների վաճառքներին միտված կամ բրենդի ճանաչելիության բարձրացմանն ուղղված գովազդի իրականացումն է: Ճիշտ է, այս դեպքում անհրաժեշտ է մշտապես գովազդային և մարքեթինգային գործունեություն իրականացնել Ֆեյսբուքում, պարբերաբար հատկացնել գովազդային բյուջե, սակայն ճիշտ մոտեցման դեպքում դա անխուսափելիորեն կբերի ցանկալի արդյունքի՝ վաճառքների ծավալի աճի կամ բրենդի ճանաչելիության բարձրացման:

Սուրեն Օհանյան (AdEx ընկերության ռազմավարության գծով պատասխանատու)
Արամ Ղարագյոզյան (AdEx ընկերության մարքեթինգի գծով պատասխանատու)